Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը

Ալեքսանդրապոլի պայմանագրի վերանայման նկատմամբ քեմալական Թուրքիայի ժխտողական դիրքի պատճառով Հայաստանն ապավինում էր Ռուսաստանի օգնությանը։ Ավելի ճիշտ, վերջինս ստանձնել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Թուրքիան, իր հերթին, 1920-1921 թթ. օգտագործում էր Հայկական հարցը՝ զիջումներ կորզելու համար ինչպես Անտանտի երկրներից (Անգլիա, Ֆրանսիա և ուրիշներ), այնպես էլ Ռուսաստանից։

1921թ. սկզբին, երբ ընթանում էր մոսկովյան կոնֆերանսի նախապատրաստությունը, թուրքական կողմն ամեն ինչ անում էր նախապես իր օգտին լուծելու հարցերը, հակառակ դեպքում սպառնալով անցնել Անտանտի կողմը։ Եվ նա հասավ իր նպատակին։ Ռուսաստանը հայկական հողերը նվիրաբերեց Թուրքիային։ Նա փորձում էր դա արդարացնել համաշխարհային հեղափոխության շահերով։ Այս վերջինի նպատակով, նշել է Վ. Լենինը, մենք ստիպված ենք ժամանակավորապես զոհաբերել հայ աշխատավորների շահերը։ Կարսի և մյուս տարածքների համար, բազմիցս կրկնել են Ի. Ստալինը և մյուս ղեկավարները, չարժի կռվել Թուրքիայի հետ։ Իսկ Գ.Չիչերինի հայանպաստ դիրքորոշման (հողային պահանջի) առթիվ Ի. Ստալինը հեռագրել է Վ. Լենինին, թե դա հայկական իմպերիալիստական պահանջ է, ուստի չպետք է թույլ տալ։

Ռուսաստանը Հայաստանին հրավիրեց մասնակցել Թուրքիայի հետ բանակցություններին, բայց Թուրքիան առարկեց հայկական պատվիրակության մասնակցությանը։

1921թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացան ռուս-թուրքական բանակցությունները և ավարտվեցին բարեկամության ու եղբայրության մասին պայմանագրի ստորագրումով։ Հայկական պատվիրակությունը (Ալեքսանդր Բեկզադյան, Սահակ Տեր-Գաբրիելյան) Թուրքիայի պնդումով չէր մասնակցում բանակցություններին, սակայն պատրաստել էր իր առաջարկությունները, այն է՝ Կարսի մարզի, Ալեքսանդրապոլի ու Սուրմալուի գավառի վերադարձը, այսինքն 1914 թ. սահմանների վերականգնում։ Սակայն այդ բոլոր հարցերը նախապես համաձայնեցվել էին բանակցող կողմերի միջև հօգուտ Թուրքիայի։ Կոնֆերանսի կամ բանակցությունների ընթացքում հայկական հողերի որևէ պահանջ չի ներկայացվել թուրքական պատվիրակությանը։ Թուրքերի կողմից Միակ զիջումը վերաբերում էր Բաթումին, որն անցավ Վրաստանին։ Փաստորեն տեղի ունեցավ Բաթումի և Կարսի ու Սուրմալուի գավառի փոխանակություն։

Պայմանագրի համաձայն Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները թուրքաբնակ բոլոր վայրերում։ Հիշենք, որ հայերի ցեղասպանությամբ կամ նրանց արտաքսելով թուրքաբնակ էին դարձվել Արևմտյան Հայաստանը և Կարսի մարզը։ Թուրքիայի հյուսիսարևելյան (ՀԽՍՀ-ի հետ) սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդ պետության։ Պարզ է, որ այդ պայմանն ուղղված էր Հայաստանի դեմ։

Այսպիսի անարդարացի պայմանագրի ստորագրումով և կատարած զիջումներով Ռուսաստանը ձգտում էր Թուրքիային պահել հակաիմպերիալիստական ճամբարում, ձախողել թուրք-անգլիական մերձեցումը։ Բացի այդ, Ռուսաստանը հույսեր ուներ, որ Թուրքիայի միջոցով հեղափոխությունը կտարածվի Արևելքում։ Բոլոր պարագաներում ոտնահարվեցին և անտեսվեցին հայ ժողովրդի կենսական շահերը։

Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Հայաստանը մնաց 29 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում (Լոռու և Զանգեզուրի միանալուց հետո)։ Եվ դա այն դեպքում, երբ մինչև 1920թ. թուրք-հայկական պատերազմը Հայաստանի Հանրապետության իշխանությունը տարածվում էր շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետրի վրա։ Այսպիսով, Մոսկվայի պայմանագիրը ճակատագրական նշանակություն էր ունենալու և ունեցավ հայ ժողովրդի համար։ Միջազգային հեղափոխությունը տեղի չունեցավ և չէր էլ կարող տեղի ունենալ, իսկ հայ ժողովրդի շահերի զոհաբերումը դարձավ տևական փաստ։

Մոսկվայի պայմանագրի համաձայն՝ Անդրկովկասի հանրապետությունները, որոնք մասնակից չէին դարձվել բանակցություններին, Թուրքիայի հետ ունենալու էին իրենց առանձին պայմանագրերը, պահպանելով, սակայն, մոսկովյան պայմանագրի սկզբունքները։

Նոր բանակցությունները կայանալու էին Կարսում։ Հայաստանն առաջարկում էր վերադարձնել պատմական Անին և Կողբի աղահանքերը, իրեն տրամադրել Նախիջևանի երկրամասի հովանավորությունը, Օլթիի քարածխի, Կաղզվանի հանքերի և այլ վայրերի շահագործումը։

Կարսի Անդրկովկաս-Թուրքիա կոնֆերանսը կայացավ 1921թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցությամբ։ Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը։

Կոնֆերանսում հայկական կողմի պահանջները բնականաբար չէին կարող քննարկվել։ Այնուամենայնիվ, Ա. Մռավյանը և Ռուսաստանի ներկայացուցիչ Յակով Գանեցկին դրեցին միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները վերադարձնելու, ինչպես նաև Կողբի աղահանքերը շահագործման վերցնելու հարցը։ Այդ պահանջները, սակայն, բավարարություն չստացան, որովհետև Թուրքիան համառորեն պնդում էր Մոսկվայի պայմանագրի հոդվածները պահպանելու վրա։ Հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որը կրկնում էր Մոսկվայի պայմանագիրը և ըստ էության վերջինի շարունակությունն էր։ Կարսի պայմանագրով Խորհրդային Հայաստանին պարտադրվեց ընդունել ու ճանաչել սեփական տարածքների կորուստը։

Մոսկվայի և Կարսի պայմանագրերը փաստորեն Խորհրդային Ռուսաստանի հերթական հարվածն էին Հայկական հարցին։ Ավելին, Թուրքիայի հետ նրա դաշինքի հաստատումը համազոր էր ցեղասպանին հովանավորելուն։

Միակ դրականն այն էր, որ խորհրդային իշխանության հարկադրանքի շնորհիվ թուրքերը 1921թ. ապրիլին հեռացան Ալեքսանդրապոլից։ Դրանից հետո պարզվեց, թե նրանք ինչպիսի կոտորածներ ու ավերածություններ էին գործել։

Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում

1877 թ-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի ավարտին՝ 1878 թ-ի փետրվարի 19-ին, Սան Ստեֆանո ավանում (այժմ՝ Եշիլքյոյ՝ Ստամբուլի թաղամաս) կնքված հաշտության պայմանագրի 16-րդ հոդվածով Հայկական հարցն առաջին անգամ արձանագրվեց միջազգային դիվանագիտության փաստաթղթերում: Բարձր դուռը (Օսմանյան կայսրության կառավարության պաշտոնական անվանումը) պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել կայսրության հայաբնակ վայրերում: Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր: Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված իրավիճակում. Ռուսաստանին հակադրվեց Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի ուժեղ դաշինքը: Նրանց նախաձեռնությամբ 1878 թ-ի հունիսին Բեռլինում հրավիրվեց վեհաժողով, որտեղ ընդունված պայմանագրի 61-րդ հոդվածով Ռուսաստանը զրկվեց հայոց գործերը տնօրինելու մենաշնորհից, իսկ Օսմանյան կայսրությունը պարտավորվեց տերություններին պարբերաբար տեղեկացնել բարեփոխումների մասին: Այդպես սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը: Սուլթան Աբդուլ Համիդ II-ը, հասկանալով Հայկական հարցի դերը մեծ տերությունների քաղաքականության մեջ, որոշեց յուրովի լուծել Հայկական հարցը՝ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կազմակերպելով հայերի զանգվածային ջարդեր, որոնց զոհ դարձավ ավելի քան 300 հզ. մարդ:

1895 թ-ի մայիսի 11-ին Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները օսմանյան կառավարությանը ներկայացրին հայկական Վան, Էրզրում, Բիթլիս, Դիարբեքիր, Սվաս և Խարբերդ նահանգներում բարենորոգումների շատ չափավոր ծրագիր, որը կոչվեց Մայիսյան: Չնայած սուլթանական կառավարությունն ընդունեց այդ ծրագիրը, բայց չիրագործեց: Ավելին՝ 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո կայսրության նորաթուխ ղեկավարությունը որդեգրեց նույն՝ պանթուրքիզմի ծրագիրը, և 1909 թ-ի ապրիլին իրագործեց կիլիկիահայության (հատկապես` Ադանայի) կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հզ. մարդ:1914 թ-ի հունվարի 26-ին Ռուսաստանի գործուն մասնակցությամբ կնքված նոր պայմանագրով՝ երիտթուրքական կառավարությունը պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել Արևմտյան Հայաստանում, սակայն բռնկված Առաջին աշխարհամարտը (1914–18 թթ.) ի չիք դարձրեց նաև այդ ծրագիրը:Երիտթուրքերը, պատերազմի մեջ մտնելով Գերմանիայի կողմից և օգտվելով պատերազմական իրավիճակից, մերձճակատային շրջաններից հայերին տեղահանելու պատրվակով կազմակերպեցին ու իրականացրին ավելի քան 1,5 մլն հայերի բռնագաղթն ու կոտորածը: Արևմտյան Հայաստանը գրեթե ամբողջովին զրկվեց բնիկ ազգաբնակչությունից, Կիլիկիան հայաթափվեց:Կովկասյան ռազմաճակատում հաջող գործողությունների շնորհիվ ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների հետ գրավեցին Արևմտյան Հայաստանի զգալի մասը, և այդ տարածքներում 1916 թ-ի հունիսին Ռուսաստանն ստեղծեց «Պատերազմի իրավունքով Թուրքիայից գրավված մարզերի զինվորական գեներալ-նահանգապետություն»:1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ ապրիլի 25-ին ընդունված որոշումով Արևմտյան Հայաստանի տարածքն անցավ Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության տնօրինությանը: Տեղահանված և բռնագաղթած հայերին թույլատրվեց վերադառնալ իրենց տները: Սակայն 1917 թ-ի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Կովկասյան ճակատից ռուսները հետ քաշվեցին, որով բարենպաստ պայմաններ ստեղծվեցին թուրքական նոր արշավանքի համար:Ռուսաստանում իշխանության գլուխ անցած բոլշևիկյան կառավարությունը 1917 թ-ի դեկտեմբերի 29-ին ընդունեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում), որով ճանաչում էր հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքն այդ տարածքում և պետականության վերականգնումը: Կառավարությունը պաշտոնապես հայտարարում էր, որ պաշտպանում է «Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն»: Սակայն դեկրետը չիրագործվեց. Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ անջատ հաշտության պայմանագիր կնքելով՝ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը փաստորեն հրաժարվեց այդ դեկրետից: Իր հերթին՝ Թուրքիան խախտեց 1917 թ-ի դեկտեմբերի 18-ին Երզնկայում կնքված ռուս-թուրքական զինադադարը. թուրքական զորքերը 1918 թ-ի փետրվարին հարձակման անցան ամբողջ ճակատով և վերատիրացան Արևմտյան Հայաստանի տարածքին:Պատերազմի ավարտից հետո Հայկական հարցը քննարկվեց Փարիզի հաշտության խորհրդաժողովում (1919–20 թթ.), որտեղ որոշվեց ԱՄՆ-ին հանձնել Հայաստանի մանդատը (հովանավորություն): Այդ որոշումը հաստատեց Ազգերի լիգան: Սակայն ԱՄՆ-ի Սենատը մերժեց նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանի մանդատն ստանձնելու առաջարկը: 1920 թ-ի օգոստոսի 10-ին Անտանտը Սևրում (Փարիզի մոտ) պայմանագիր կնքեց պարտված Օսմանյան կայսրության սուլթանական կառավարության հետ, համաձայն որի՝ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը՝ որպես ազատ և ակախ պետություն: ԱՄՆ-ի նախագահին հանձնարարվում էր որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ Հայաստանի համար դեպի Սև ծով ելքով:Սակայն Թուրքիայում իշխանության գլուխ անցած կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, չընդունեց Սևրի պայմանագիրը: Ավելին՝ ընդհանուր թշնամու՝ արևմտյան իմպերիալիզմի դեմ պայքարելու և այլ նպատակներով Խորհրդային Ռուսաստանը 1920 թ-ի ամռանը Թուրքիային տրամադրեց ռազմական և դրամական զգալի օգնություն, որը նա օգտագործեց Հունաստանի և Հայաստանի Հանրապետության դեմ: 1920 թ-ի սեպտեմբերի վերջին թուրքական բանակն անցավ հարձակման. նոր տարածքներ զավթելով Արևելյան Հայաստանում և կոտորելով ազգաբնակչությանը՝ Թուրքիան ձգտում էր զրկել հայերին սեփական պետությունը պահպանելու հնարավորությունից: 1920 թ-ի դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությունը Ալեքսանդրապոլում հաշտություն կնքեց Թուրքիայի հետ: Մեկ օր առաջ ՀՀ իշխանությունն անցել էր Հայաստանի ռազմական հեղկոմին: 1921 թ-ի երկու՝ մարտի 16-ի՝ Մոսկվայի, և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով որոշվեց Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, որը գործում է մինչև օրս: 1921 թ-ի հունվարին Փարիզում՝ Անտանտի գլխավոր խորհրդի նիստում, Ֆրանսիան հանդես եկավ Սևրի պայմանագիրը վերանայելու պահանջով: 1921 թ-ի Լոնդոնի խորհրդաժողովի որոշումներում «Հայկական անկախ պետություն» արտահայտությունը փոխարինվեց «Թուրքիայի տարածքում «Հայկական ազգային օջախ» ստեղծելու մասին» վերացական ձևակերպմամբ, որը Լոզանի խորհրդաժողովում ջնջվեց այդ նույն դիվանագետների ձեռքով: Այդպես, Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18 թթ.) հետո Օսմանյան կայսրության փլուզմամբ, Արևելյան հարցը ստացավ իր լուծումը, սակայն Հայկական հարցը տակավին մնում է չլուծված: Հայկական հարցի անխզելի մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: 1921 թ-ին Նախիջևանի գավառը և Լեռնային Ղարաբաղը հանձնվեցին Ադրբեջանին: Վերջինիս կազմում 1923 թ-ին կազմավորվեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը:Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) ավարտին նկատելիորեն ուժեղացավ սփյուռքահայերի շարժումը՝ Արևմտյան Հայաստանի տարածքը Խորհրդային Հայաստանին միացնելու համար: 1945 թ-ի նոյեմբերի 29-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանն այդ խնդրով դիմեց ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարներին: 1945 թ-ի մարտին խորհրդային կառավարությունը, ելնելով Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային նոր իրադրությունից, հայտարարեց 1925 թ-ի խորհրդա-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին. 1945 թ-ի հունիսին Մոսկվայում տեղի ունեցած խորհրդա-թուրքական բանակցությունների շրջանակներում խնդիր դրվեց նաև վերադարձնել 1921 թ-ին Խորհրդային Հայաստանից խլված Կարսի մարզը: Սակայն պայմանագիր չկնքվեց: Երեք դաշնակից տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարների 1945 թ-ի Բեռլինի (Պոտսդամի) խորհրդաժողովում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև Հայկական հարցը, և որևէ որոշում չկայացվեց: Ավելին՝ ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայից հայկական տարածքները վերադարձնելու մտադրությունից, իսկ 1953 թ-ի մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը հայտարարեց, որ «հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից…»:Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի նախօրեին սփյուռքահայությունը եռանդուն պայքար սկսեց Հայկական հարցը լուծելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: 1968 թ-ի ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում առաջին անգամ նշվեց Մեծ եղեռնի տարելիցը:1960–80-ական թվականներին նկատելիորեն մեծացել է համաշխարհային հասարակայնության հետաքրքրությունը Հայկական հարցի նկատմամբ. սկսվել են քննարկումներ միջազգային տարբեր կազմակերպություններում, գիտական և հասարակական համաժողովներում ու խորհրդաժողովներում: 1960-ական թվականների վերջից Հայկական հարցը դարձել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության կանխման ենթահանձնաժողովի քննարկման առարկա: 1984 թ-ի ապրիլին` Ժողովուրդների մշտական ատյանը (Փարիզում), 1989 թ-ի մայիսին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարը (ԱՄՆ-ում) հատուկ նիստեր են նվիրել Հայկական հարցին, որոնց որոշումներում նշվել են հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի իրագործած ցեղասպանության վնասների փոխհատուցման անհրաժեշտությունը և սփյուռքահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովումը: 1970–80-ական թվականներին Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչմանը և դատապարտմանը գործուն աջակցություն են ցուցաբերել մի շարք երկրներ (Հունաստան, Ֆրանսիա, Արգենտինա, Ուրուգվայ և այլն): ԱՄՆ-ի Սենատում և Ներկայացուցիչների պալատում բազմիցս քննարկվել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր, որոնք, սակայն, Թուրքիայի ճնշմամբ մերժվել են: Թուրքիան վարում է Հայոց ցեղասպանութան փաստը մերժելու քաղաքականություն: 1983 թ-ից Հայկական հարցը քննարկվել է Եվրախորհրդարանում: 1987 թ-ի հունիսի 18-ին Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևը:1988 թ-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է «Օրենք օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» փաստաթուղթը:Հայաստանի անկախացումից հետո բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունն օսմանյան Թուրքիայում, և այդ գործընթացը շարունակվում է: Հայկական հարցի էությունը և՜ անցյալում, և՜ այժմ նույնն է՝ իր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, հայ ժողովրդի անկախ և ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծումը:

Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

Ինչպես արդեն տեղյակ եք, 1918թ. ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերն, արբեցած իրենց ռազմական հաջողություններով, ավելի կողոպտիչ պայմաններ ներկայացրին։ Նրանք մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։

Հենց Հայաստանի անկախության հռչակման օրը՝ մայիսի 28-ին, Հայոց Ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալ. Խատիսյանը։ Հարկ է նշել, որ չնայած Մայիսյան հերոսամարտերին, այդուհանդերձ, մահացու վտանգը արևելահայության գլխից լիովին չէր վերացել։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր հաշտություն կնքել և փոքր-ինչ դադար առնել։

Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան թուրքիայի միջև։ Պայմանները չափազանց ծանր էին Հայաստանի համար։

Կնքված պայմանագրով հայ-թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ երկիրը մասնատվում և չնչին տարածք էր թողնվում Հայաստանին։

Պայմանագրի համաձայն Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք։ Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան։ Դրա նպատակն էր խորտակել Ստ. Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունան և տիրանալ Բաքվի նավթին։ Դրանից զատ Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը և այլն։

Այսպիսով, Բաթումի պայմանագրով թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությանը փաստորեն մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Այս կապակցությամբ տեղին է հիշել գերմանացի մի դիվանագետի արտահայտած հետևյալ պատկերավոր խոսքերը. «Թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու՝ չորանալու համար տեղ չտվեցին»։ Ընդհանուր հաշվով Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք։

Բայց մյուս կողմից, ճակատագրի հետևանքով, սա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն է, որով թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Ալ. Խատիսյանը, ամփոփելով հայ-թուրքական բանակցությունների արդյունքները, իր ուղարկած նամակում գրում էր. «Մենք կբերենք վատ հաշտության պայմանագիր, բայց կբերենք նաև անկախ Հայաստան, տուն, բույն, որտեղ կռվում է ժողովրդական միտքը։ Այս բոլորը կկապի, կմիավորի, կբարձրացնի ոգին, իսկ դա կարևոր է։ Ես հավատում եմ մեր պետությանը»։ Բաթումի պայմանագիրը, որը չի վավերացվել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ թուրքիայի կառավարությունների կողմից, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918թ. նոյեմբերը

Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին. Կրթություն: Գիտություն: Գրականություն:

Մինչ նախագծի բովանդակային մասին անցնելը ներկայացնեմ՝ ինչ է մշակույթը, որտեղից են գալիս հայկական մշակույթի ակունքները:

Մշակույթը հասարակության և մարդու զարգացման որոշակի մակարդակ, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով և տիպերով։ «Մշակույթ» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։ Երբեմն «մշակույթ» տերմինը վերագրում են կյանքի զուտ հոգևոր ոլորտին։ Մշակույթը ընդգրկում է ոչ միայն գործունեության առարկայական արդյունքները (արվեստի ստեղծագործություններ, մեքենաներ, տեխնիկա, կացարաններ, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն) այլև սուբյեկտիվ՝ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայայացք և այլն)։ Մշակույթը բաժանվում է նյութական և հոգևորի։ Նյութականը ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և նրա արդյունքները, հոգևոր մշակույթը ընդգրկում է գիտակցությունը, հոգևոր արտադրության ոլորտը (ճանաչողություն, բարոյականություն, դաստիարակություն, հասարակության գիտակցության ձևերը)։

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (Մեծամոր, Լճաշեն, Վանաձոր և այլն):

Հայկական մշակույթը պատմական տարբեր ժամանակաշրջաններում ունեցել տարբեր ուղղություններ, ենթարկվել է փոփոխությունների, զարգացել:

Աշխատանքում ներկայացնում եմ  Հայկական մշակույթը 19-20-րդ դարի սկզբին՝ խոսելով կրթական համակարգի, պատմագրության և արվեստի ու ճարտարապետության մասին:

Հայ մշակույթը 19 -րդ դարում մեծ վերելք ապրեց:

Այս հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ ԱրեւելյանՀայաստանը միացվեց Ռուսաստանին, որտեղ կային բարենպաստ պայմաններ հայ ժողովրդի տնտեսական ու մշակութային առաջընթացի համար: Միաժամանակ հայ մշակույթը  շարունակեց իր վերելքը նաև գաղթօջախներում:

Հայմշակույթի խոշոր կենտրոններն էին Թիֆլիսը, Բաքուն, Նոր Նախիջևանը, Մոսկվան, Կ.Պոլիսը, Վենետիկը և այլն: Վենետիկում եւ Վիեննայում հաստատված Մխիթարյան միաբանության անդամները շարունակեցին իրենց բեղունգիտակրթական ու մշակութաստեղծ գործունեությունը:

Հայ կրթական գործը որոշակի հաջողություններ ու դժվարություններ ուներ ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան Հայաստանում։ Այս շրջանում ևս ուսուցման տարածված տեսակը եկեղեցիներին առընթեր ծխական դպրոցներն էին, որոնք անմխիթար վիճակում էին։ Գյուղերի մեծ մասը դպրոց չուներ։ Ուսուցիչների մեծ մասը թերի միջնակարգ կրթություն ուներ և գտնվում էր նյութական ծանր կացության մեջ։

Ցարական կառավարությունը ռուսացման քաղաքականություն վարելով խոչընդոտում էր կրթության գործին։ Հատկապես 1880–1890-ական թվականներին իշխանությունները բռնությամբ փակեցին հայկական շատ դպրոցներ։ Այդուհանդերձ հասարակական կյանքի ընդհանուր առաջընթացը կատարում էր իր դերը։ Հենց այդ նույն տասնամյակներին հրապարակ եկան բարեգործական և հասարակական այլ կազմակերպություններ, որոնք մեծապես նպաստում էին կրթական գործին։ Հատկանշական է, որ դարի երկրորդ կեսին հիմնվեցին ուսումնակրթական նոր կենտրոններ։ 1874թ. բացվեց Էջմիածնի ճեմարանը, որը իր հիմնադրի՝ Գևորգ IV կաթողիկոսի անունով կոչվեց Գևորգյան ճեմարան։ Կրթական այս կենտրոնը բեղուն գործունեություն ունեցավ և տվեց մշակույթի, մանկավարժության շատ նշանավոր գործիչներ։ Կոստանդնուպոլսում բացվեց Կեդրոնական, Վանում՝ Երեմյան վարժարանները, Նոր Նախիջևանում՝ թեմական, Էրզրումում՝ Սանասարյան դպրոցները, իսկ Երևանում՝ գիմնազիա։ Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Ախալցխայում, Ալեքսանդրապոլում և այլ տեղերում բացվեցին իգական դպրոցներ։ Կրթական-լուսավորական իրենց առաքելությունները լավագույնս իրականացնում էին դարի առաջին կեսին հիմնված Մոսկվայի Լազարյան ճեմարանը և Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 90-ական թվականների կեսերին երկրամասի դպրոցներում սովորում էին 30 հազարից ավելի հայ աշակերտներ։

Հայկական դպրոցներ են հիմնվում նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բուլղարիայի և այլ երկրների հայկական գաղութներում։ Այդ դպրոցներից Մխիթարյանների Փարիզի Մուրադյան և Վենետիկի Ռաֆայելյան վարժարանները 1870թ. Վենետիկում միավորվեցին՝ կազմելով Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը։ Այս վարժարանի հեղինակությունը աստիճանաբար այնքան բարձրացավ, որ իտալական կառավարությունը նրան շնորհեց պետական միջնակարգ դպրոցի կարգավիճակ։

Ծխական դպրոցներում դասավանդում էին հիմնականում կրոն և հայոց լեզու, իսկ մյուս ուսումնական օջախներում՝ նաև պատմություն, աշխարհագրություն, թվաբանություն, օտար լեզու, վայելչագրություն, երգեցողություն և այլ առարկաներ։

Բարձր զարգացման հասավ հայ մանկավարժական միտքը: Այդ ոլորտում խոշոր ներդրում ունեցան Խաչատուր Աբովյանը,Ղազարոս Աղայանը, Ռեթեոս Պերպերյանը եւ ուրիշներ:

Մանկավարժական բեղմնավոր աշխատանք են կատարել, դպրոցական ծրագրեր, դասագրքեր կազմել Մ. Մամուրյանը, Պ. Շանշյանը, Ղ. Աղայանը, Ա. Բահաթյանը, Ռ. Պերպերյանը, Ստ. Մալխասյանը և շատ ուրիշներ։

19րդ դ. վերջերին և 20րդ դ. սկզբին ցարական իշխանություններն անօրինակ հալածանքներ սկսեցին հայկական դպրոցների դեմ:

1880ական և 1890ական թթ. կեսերին ցարիզմը ժամանակավորապես փակեց Հայկական եկեղեցու տնօրինությանը հանձնված դպրոցների մեծ մասը:

Միայն հայության բուռն ելույթները ստիպեցին Նիկոլայ II-ին 1905 թ, օգոստոսի 1-ին Հայոց եկեղեցուն վերադարձնել նրանից խլված ունեցվածքը և կրթական գործով զբաղվելու հնարավորությունը, որոնցից նա զրկվել էր 1903 թ. հունիսի 12-ի չարաբաստիկ օրենքով:

Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի՝ մայիսի 21–29, Բաշ Ապարանի՝ մայիսի 23–29, Ղարաքիլիսայի՝ մայիսի 24–28 ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից՝ 1917 թ.)հետո ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը: Տրապիզոնից մինչև Վանա լիճ՝ 400 կմ երկարությամբ, թուրքերին դիմակայել են գերազանցապես հայկական խմբեր և նոր կազմավորվող զորամասեր: Թուրքական զորքերը, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի հետ 1917 թ-ի դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ-ի փետրվարի 10-ին անցել են հարձակման և նվաճել Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը: Հայկական առանձին բանակային կորպուսը, գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, գերակշիռ ուժերի ճնշման տակ նահանջել է. նրա հետ արտագաղթել են տասնյակհազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովել է Անդրանիկի ջոկատը:Մայիսի 15-ին, Ալեքսանդրապոլը այժմ՝ Գյումրի գրավելուց հետո, թուրքական մի զորամաս արշավել է Ղարաքիլիսա այժմ՝ Վանաձոր, իսկ 36-րդ դիվիզիան, Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ թափանցելով Արարատյան դաշտ, արշավել է Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով:

Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը

Հայերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության հիմքում պանիսլամիզմի և պանթյուրքիզմի պետական դարձած գաղափարախոսություններն են: Երիտթուրքական կառավարությունը, մտնելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, «Մեծ Թուրան» ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ: Մասնավորապես, նախատեսվում էր կայսրությանը կցել Այսրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը և Պովոլժիեն: Այդ նպատակի իրականացման ճանապարհին անհրաժեշտ էր առաջին հերթին ոչնչացնել հայ բնակչությանը` նրանց մեղադրելով ռուսական կողմնորոշման և պանթյուրքիստների զավթողական ծրագրերը խոչընդոտելու համար: Հայերի բնաջնջումը միաժամանակ օրակարգից կհաներ նաև Հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտություններին Թուրքիայի ներքին գործերին: Ցեղասպանության ծրագիրն ուներ նաև ակնհայտ նյութական դրդապատճառներ. այն է` ձերբազատվել հայերի տնտեսական մրցակցությունից և բռնազավթել նրանց անշարժ ու շարժական գույքը: Դեռևս Առաջին աշխարհամարտից առաջ հայ բնակչության բնաջնջման ծրագիրը մշակել էին կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ծովային նախարար Ջեմալ փաշան, երիտթուրքական կուսակցության կենտկոմի անդամ Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ: Առաջին աշխարհամարտի սանձազերծումը պատեհ առիթ է ստեղծել հայերի զանգվածային ոչնչացման ծրագրերի իրագործման համար: 1914 թ-ի հոկտեմբերին Թալեաթի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կազմվել է հատուկ մարմին՝ «Երեքի գործադիր կոմիտե» որին հանձնարարվել է կազմակերպել հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: «Երեքի գործադիր կոմիտեն» ստացել է մեծ լիազորություններ, զենք ու դրամ:Իրենց ծրագիրն իրականացնելու նպատակով իշխանությունները նախ փորձել են հայերին զրկել դիմադրելու հնարավորությունից: Հայերի ցեղասպանության ծրագիրն իրականացվել է 3 փուլով: Առաջին՝ պատերազմի սկզբին բանակ զորակոչված 18–45 տարեկան 60 հզ. հայ զինվորները, Սարիղամիշի մոտ թուրքական բանակի ջախջախումից հետո, որպես քավության նոխազ, զինաթափվել  են և 1915 թ-ի փետրվարին Էնվերի հրամանով ոչնչացվել: Սկզբում նրանց ռազմաճակատից տեղափոխել են թիկունք՝ բանվորական գումարտակներ, ապա խմբերով դուրս բերել տեղակայված վայրերից ու կոտորել:

Այդ ընթացքում բռնագրավել են հայ բնակչության սակավաթիվ զենքն ու զինամթերքը: Ցեղասպանության երկրորդ փուլը հայ մտավորականության և հայությանը կազմակերպող ուժի ձերբակալությունն ու ոչնչացումն էր: Զեյթունում խոշտանգվելով սպանվել է ազատագրական շարժման գործիչ Նազարեթ Չաուշը , Վանում՝ Իշխանը , օսմանյան խորհրդարանի պատգամավոր Արշակ Վռամյանըև շատ ուրիշներ: 1915 թ-ի ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և Անատոլիայի խորքերն է աքսորվել մոտ 800 մտավորական. նրանց թվում էին կոմպոզիտոր Կոմիտասը, գրողներ Գրիգոր Զոհրապը , Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը, բժիշկ Նազարեթ Տաղավարյանը և շատ ուրիշներ: Մեծ մասն սպանվել է: 1915 թ-ի հունիսին Կոստանդնուպոլսի հրապարակներից մեկում կախաղան են բարձրացվել հնչակյան գործիչ Փարամազը (Մատթեոս Սարգիսյան) և նրա 19 կուսակից ընկերները: Երրորդ փուլում սկսվել է տասնյակհազարավոր անպաշտպան կանանց, երեխաների ու ծերերի զանգվածային տեղահանությունը: Որոշ վայրերում հայ բնակչությունը փորձել է դիմադրել: 1915 թ-ի մայիս-հունիսին սկսվել են Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգների, Կիլիկիայի, Արևմտյան Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն արդեն կռահել էր, որ հայ բնակչության տեղահանությունը հետապնդում է մեկ նպատակ` հայերի զանգվածային ոչնչացում: Տեղահանության իսկական նպատակը հայտնի էր նաև Թուրքիայի դաշնակից Գերմանիային, որի դեսպան Հանս Վանգենհայմը 1915 թ-ի հուլիսին այդ մասին տեղեկացրել է իր կառավարությանը: Մշտական բնակության վայրերից բռնի տեղահանված հայերը կարավաններով ուղարկվել են կայսրության խորքերը, Միջագետք և Սիրիա, որտեղ նրանց համար ստեղծվել էին հատուկ ճամբարներ: Ճանապարհին նրանք ենթարկվել են թուրքական խուժանի ու քրդական ավազակախմբերի հարձակումներին, կոտորվել. տեղահանվածների չնչին մասն է հասել ճամբարներ: Այսպես՝ Տրապիզոնի 3 հզ. հայ աքսորականներից Հալեպ է հասել միայն 35-ը: Միջագետքի անապատներ հասած աքսորականներին  հաճախ խմբերով հանել են ճամբարներից և կոտորել ավազուտներում: Հարյուրհազարավոր մարդիկ էլ դարձել են սովի, հիվանդությունների և համաճարակների զոհ: Հալեպի նահանգապետին ուղարկած գաղտնի հեռագրով Թալեաթը պահանջել է վերջ տալ հայերի գոյությանը՝ ուշադրություն չդարձնելով «ո՜չ սեռին, ո՜չ խղճի խայթին»: Պահպանվել են ցեղասպանությունը վերապրած հայերի և իրադարձությունների ականատես օտարերկրյա դիվանագետների, միսիոներների ու լրագրողների՝ հայ բնակչությանը բաժին ընկած  ահավոր տառապանքների հազարավոր հաղորդագրություներ ու նկարագրություններ: Կոտորածը շարունակվել է նաև հետագա տարիներին: Հազարավոր հայեր ոչնչացվել են Ռաս ուլ Այնի, Դեյր էզ Զորի և այլ ճամբարներում:Չնայած օրհասական դրությանը՝ 1915 թ-ին Արևմտյան Հայաստանում և կայսրության մի շարք շրջաններում հայությունը դիմել է ինքնապաշտպանության: Հերոսամարտեր են տեղի ունեցել Վանի վիլայեթում , Վան քաղաքում, Մուշում, Սասունում, Շապին-Գարահիսարում, Մուսա լեռան վրա, Ուրֆայում, ինչպես նաև Բյուրիքում , Սինջարում, Ֆունջակում, Ֆռնուզում, Կիշելֆիլում, Բերեկոյում , Գուվաթ-Շափայում և այլ վայրերում:1918 թ-ին արշավելով Այսրկովկաս՝ թուրքական զորքերը հայերի կոտորածները շարունակել են Արևելյան Հայաստանում ու Ադրբեջանում: Սեպտեմբերի 15-ին, երբ անգլիական ուժերը լքել են դիրքերը, թուրքերը գրավել են Բաքուն և ադրբեջանական ազգայնամոլների հետ կոտորել 30 հզ. հայի:1918–20 թթ-ին հայ բնակչության ջարդեր են կազմակերպվել Շուշիում: 1919 թ-ի հունիսի 5-ի գիշերը քաղաքում և շրջակա գյուղերում սրի է քաշվել ավելի քան 500 հայ: 1920 թ-ի մարտի 23-ին թուրք-մուսավաթական ավազակախմբերը կոտորել են ավելի քան 30 հզ. մարդու, հրդեհել քաղաքի հայկական մասը:1920 թ-ի թուրք-հայկական պատերազմի ընթացքում թուրքական զորքերը Ալեքսանդրապոլում և գավառի գյուղերում զանգվածաբար ոչնչացրել են խաղաղ հայ բնակչությանը, կողոպտել ունեցվածքը:1915–16 թթ-ին Եղեռնից մազապուրծ Կիլիկիայի հայերը, որոնք ապաստանել էին արաբական երկրներում, Թուրքիայի պարտությունից հետո սկսել են վերադառնալ իրենց բնակության վայրերը: Ըստ դաշնակիցների գաղտնի համաձայնության (1916 թ.)՝ Կիլիկիան մտնելու էր Ֆրանսիայի ազդեցության գոտի: 1919 թ-ին Կիլիկիայում հայերի թիվը 120–130 հզ. էր, 1920 թ-ին հասել է 160 հզ-ի: Այդտեղ տեղաբաշխված ֆրանսիական զորքերի հրամանատարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը, որից օգտվելով՝ քեմալականները բռնություններ են սկսել հայերի դեմ: 1920 թ-ի հունվարին, 20 օրվա մարտերի ընթացքում, Մարաշում զոհվել է 11 հզ. հայ, մնացածները հեռացել են Սիրիա: Շուտով թուրքերը պաշարել են Հաճնը. տեղի 6 հզ. հայերը 7 ամիս համառորեն դիմադրել են, բայց հոկտեմբերին թշնամուն հաջողվել է գրավել քաղաքը: 1920 թ-ի սկզբին Հալեպ են հասել Ուրֆայի հայության խլյակները՝ մոտ 6 հզ. մարդ: 1920 թ-ի ապրիլի 1-ին քեմալական զորքերը պաշարել են Այնթապը: Շնորհիվ 15-օրյա հերոսական պաշտպանության՝ այնթապցիները խուսափել են կոտորածից: Բայց երբ ֆրանսիական զորքերը թողել են Կիլիկիան, 1921 թ-ի վերջին Այնթապի հայերն ստիպված անցել են Սիրիա: 1920 թ-ին քեմալականները ոչնչացրել են Զեյթունում մնացած հայերին:Հայոց ցեղասպանության վերջին արարը 1919–22 թթ-ի հույն-թուրքական պատերազմի ընթացքում հայերի կոտորածն էր Թուրքիայի արևմտյան շրջաններում: 1921 թ-ի օգոստոս-սեպտեմբերին թուրքերը, բեկում մտցնելով պատերազմի մեջ, ընդհանուր հարձակման են անցել հունական զորքերի դեմ: 1922 թ-ի սեպտեմբերի 9-ին նրանք մտել են Իզմիր և կազմակերպել հայերի ու հույների ջարդը, խորտակել են Իզմիրի նավահանգստում կանգնած հայ և հույն փախստականներով լեփ-լեցուն, ինչպես նաև փախստականներին փոխադրելու պատրաստ նավերը:Թուրքական իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանության հետևանքով կայսրության 2,5 մլն հայերից զոհվել է 1,5 մլն-ը: Շուրջ 800 հզ. հայեր գաղթական են դարձել և ցրվել աշխարհով մեկ: Արևմտյան Հայաստանը զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Բռնի մահմեդականացվել է 200 հզ. հայ, որոնց սերունդներն այժմ հիմնականում բնակվում են Ճորոխ գետի հովտում: Ոչնչացվել է 66 քաղաքների ու 2500 գյուղերի հայ և այլազգի քրիստոնյա բնակչությունը: Կողոպտվել և քանդվել են 2350 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց ու վարժարան: Արևմտահայությանը հասցվել է 14,6 մլրդ ֆրանսիական ֆրանկի կամ 6 մլրդ գերմանական մարկի վնաս: Թուրքական կառավարությունը կողոպտած փողերից Բեռլին է ուղարկել 100 մլն մարկ : Յուրացվել են նաև օսմանյան բանկերում պահվող հայերի ավանդները, ինչպես նաև նրանց պատկանող շարժական ու անշարժ գույքը:Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն է կրում նաև կայզերական Գերմանիայի կառավարությունը, որը ոչ միայն տեղյակ էր նախապատրաստվող ոճրագործությանը, այլև նպաստել է դրա իրագործմանը: Գերմանիայի մեղսակցությունը նշել են գերմանացի հանրահայտ մտավորականներ Յոհաննես Լեփսիուսը, Արմին Վեգները, Կարլ Լիբկնեխտը և ուրիշներ:Աշխարհի առաջադեմ հասարակական, քաղաքական և մշակույթի ու գիտության բազմաթիվ գործիչներ Ջեյմս Բրայս, Առնոլդ Թոյնբի, Մաքսիմ Գորկի, Վալերի Բրյուսով, Անատոլ Ֆրանս, Ժակ դը Մորգան , Յոզեֆ Մարկվարտ , Հերբերտ Գիբոնս , Ֆրանց Վերֆել և շատ ուրիշներ] դատապարտել են թուրք ջարդարարների հանցագործությունը:Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918 թ-ի հոկտեմբերի 30) հետո թուրքական իշխանությունները մեղադրել են երիտթուրքերի պարագլուխներին՝ Թուրքիան կործանարար պատերազմի մեջ ներքաշելու համար, և դատի տվել: Պատերազմի հանցագործներին ներկայացվել են նաև Օսմանյան կայսրության հայերի կոտորածների կազմակերպման ու իրականացման մեղադրանքներ: Սակայն երիտթուրքական պարագլուխներից մի քանիսի դատավճիռները կայացվել են հեռակա կարգով (1919 թ-ի հուլիս): Աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո նրանց հաջողվել է փախչել երկրից. ոմանց նկատմամբ մահվան դատավճիռը հետագայում իրականացրել են հայ ժողովրդական վրիժառուները՝ «Նեմեսիս» գործողությամբ:1988 թ-ի նոյեմբերի 25-ին ՀԽՍՀ ԳԽ-ն ընդունել է «Օրենք Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ-ի ցեղասպանության դատապարտման մասին», որով Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը դատապարտվել է որպես ոճրագործություն մարդկության դեմ: 1990 թ-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ-ի ընդունած Հայաստանի անկախության մասին հռչակագրում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թ-ին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը

Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ, Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել է որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար, մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ։ Ըստ գնահատականների՝ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմում։ Զոհերի մեծ թվի պատճառ են եղել նաև տեղի ունեցած ցեղասպանություններն ու 1918 թվականին բռնկված գրիպի համաճարակը. արդյունքում ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ։ Ռազմական կորուստներն ավելացել են տեխնոլոգիական ու արդյունաբերական նորարարությունների և մարտավարական փակուղու պատճառով, ինչն արդյունք էր ծանր խրամատային պատերազմի։ Այն եղել է մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը, որը հանգեցրել է քաղաքական խոշոր փոփոխությունների, ներառյալ 1917-1923 թվականների հեղափոխությունների պատերազմին մասնակցած բազմաթիվ երկրներում։ Պատերազմի արդյունքում չլուծված հակամարտությունները նպաստել են շուրջ երկու տասնամյակ անց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն։1914 թվականի հունիսի 28-ին բոսնիացի սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը Սարաևոյում սպանել է Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը հանգեցրել է Հուլիսյան ճգնաժամին։ Դրան ի պատասխան՝ Ավստրո-Հունգարիան վերջնագիր է ներկայացրել Սերբիային, սակայն վերջինս հրաժարվել է կատարել ավստրիացիների պահանջները։Միմյանց դաշնակից պետությունները Բալկաններում ծագած երկկողմ հակամարտության արդյունքում սկիզբ առած ճգնաժամը վերածել են կոնֆլիկտի, որին մասնակցել է Եվրոպայի մեծ մասը։ 1914 թվականի դրությամբ Եվրոպայի մեծ տերությունները բաժանված էին երկու խմբավորման՝ Անտանտի, որի կազմում ընդգրկված էին Ֆրանսիայի երրորդ հանրապետությունը, Ռուսական կայսրությունն ու Բրիտանական կայսրությունը, և Եռյակ դաշինքի, որի կազմում էին Գերմանական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունն ու Իտալիայի թագավորությունը ։ Ռուսաստանը հարկ է համարել պաշտպանել Սերբիային, և հուլիսի 25-ին հրաման է արձակվել նախապատրաստվել պատերազմի, իսկ երբ հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան ռմբակոծել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը, Ավստրիային սահմանակից ռազմական շրջաններում հայտարարվել է մասնակի զորահավաք։ Համառուսական զորահավաքը հայտարարվել է հուլիսի 30-ի երեկոյան, Գերմանիան և Ավստրո-Հունգարիան ընդհանուր զորահավաք են հայտարարել հուլիսի 31-ին, իսկ Գերմանիան Ռուսաստանից պահանջել է կատարել զորացրում տասներկու ժամվա ընթացքում։ Երբ Ռուսաստանը մերժել է, Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ է հայտարարել՝ սատարելով Ավստրո-Հունգարիային։ Վերջինս հետևել է նրա օրինակին օգոստոսի 6-ին, իսկ օգոստոսի 2-ին ընդհանուր զորահավաք է հայտարարել Ֆրանսիան՝ սատարելով Ռուսաստանին։

Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեմ երկու ճակատով պատերազմող Գերմանիան նպատակ է ունեցել իր հիմնական ուժերը կենտրոնացնել Արևմտյան ճակատում, որպեսզի հաղթի Ֆրանսիային չորս շաբաթվա ընթացքում, ինչից հետո ուժերը կտեղափոխվեին Արևելյան ճակատ, նախքան Ռուսաստանը կհասցներ կատարել լրիվ զորահավաք. հետագայում այն հայտնի է դարձել որպես Շլիֆենի նախագիծ։ Օգոստոսի 2-ին Գերմանիան պահանջել է ազատ անցում Բելիգայի տարածքով, ինչն էական նշանակություն ուներ Ֆրանսիայի նկատմամբ արագ հաղթանակ տանելու գործում։ Երբ Բելգիան մերժել է, գերմանական ուժերն օգոստոսի 3-ի վաղ առավոտյան ներխուժել են Բելգիա և նույն օրը պատերազմ հայտարարել Ֆրանսիային. Բելգիայի կառավարությունը վկայակոչել է 1839 թվականին կնքված Լոնդոնի պայմանագիրը, և դրանում նշված պարտավորության համաձայն Բրիտանիան օգոստոսի 4-ին պատերազմ է հայտարարել Գերմանիային։ Օգոստոսի 12-ին Բրիտանիան ու Ֆրանսիան պատերազմ են հայտարարել նաև Ավստրո-Հունգարիային, օգոստոսի 23-ին Անտանտի կողմից պատերազմին է միացել Ճապոնիան, որը նպատակ ուներ առիթից օգտվելով մեծացնել իր տիրապետության սահմանները՝ գրավելով Գերմանիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները Չինաստանում և Խաղաղ օվկիանոսում։ Պատերազմի մեջ են ներքաշվել նաև այդ տերությունների գաղութները, ինչի շնորհիվ կոնֆլիկտը տարածվել է ամբողջ երկրագնդով մեկ։ Հետագայում Անտանտն ու իր դաշնակիցները հայտնի են դարձել որպես Դաշնակից ուժեր, իսկ Ավստրո-Հունգարիան ու Գերմանիան՝ Կենտրոնական տերություններ։

Ռուսական փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններից հետո ռուսները դուրս եկան պատերազմից՝ Կենտրոնական ուժերի հետ կնքելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։ 1918 թվականի գարնանը գերմանացիներն արևմտյան ճակատում անցան լայնածավալ հարձակման, սակայն Անտանտը միավորեց իր ուժերը և հզոր հակահարված տվեց գերմանացիներին։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Ավստրո-Հունգարիան համաձայնեց հաշտություն խնդրել, և Գերմանիան, որտեղ նույնպես ահագնացել էր հեղափոխության վտանգը, 1918 թվականի նոյեմբերի 11-ին համաձայնվեց զենքը վայր դնել։ Այսպիսով, պատերազմն ավարտվեց Անտանտի հաղթանակով։

Պատերազմի ավարտին Գերմանական կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը փլուզվեցին։ Արդյունքում հիմնադրվեցին շատ անկախ պետություններ, այդ թվում՝ Հայաստանի առաջին Հանրապետությունը, իսկ Գերմանիայի գաղութները բաժանվեցին հաղթողների միջև։ 1919 թվականի Փարիզի հաշտության կոնֆերանսում Մեծ քառյակը կազմող պետություններըստորագրեցին մի շարք պայմանագրեր։ Ստեղծվեց Ազգերի լիգան, հետագայում նմանատիպ հակամարտությունները բացառելու նպատակով։ Սակայն արդյունքում՝ եվրոպական շատ երկրներ ընկան խորը ճգնաժամի մեջ, Եվրոպայում աճեց և զարգացավ ազգայնամոլությունը, ինչի պատճառով Գերմանիայում ծնունդ առավ նաև նացիզմը՝ սրանով նպաստելով Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։

Թեմա 26. Հայդուկային շարժումը

Արևմտահայ ազգային-ազատագրական պայքարի մեջ մեծ տարածում գտավ հայդուկային կամ ֆիդայական շարժումը: Հայդուկ հունգարերեն բառ է, նշանակում է պարտիզան, ֆիդայի արաբերեն բառ է, նշանակում է անձնազոհ: Հայդուկային շարժումն Արևմտյան Հայաստանում սկսվեց 19-րդ դարի 80-ական թվականների կեսերից, այն իր սուր ծայրով ուղղված էր բոլոր տեսակի ճնշողների և բռնակալների դեմ: Մեծ մասամբ իբրև ճնշող և բռնակալ հանդես էին գալիս քուրդ ռազմական ավագանին՝ ցեղապետերը և թուրք պաշտոնեությունը: Վրիժառու հայդուկի զենքն անհրաժեշտության դեպքում ուղղվում էր նաև հայ մատնիչների դեմ: Չհանդուրժելով լլկանքները՝ հայ գյուղացին մի որևէ քուրդ աղա կամ թուրք ոստիկան սպանելուց հետո թողնում էր տուն, տեղ, ընտանիք և բարձրանում լեռները: Երբեմն՝ մենակ, երբեմն՝ խմբով, կապ պահպանելով շրջակա հայկական գյուղերի հետ, հայդուկներն ապաստանում էին լեռներում: Նրանք անսպասելի հարձակվում էին կառավարական զորքերի, քուրդ հրոսակախմբերի կամ հարկահանների վրա: Հայդուկային խմբերն առաջնորդվում էին չգրված օրենքներով, այնտեղ տիրում էր երկաթյա կարգապահություն: Առաջին հայդուկներից էր 1869թ. ծնված Արաբոն , որը, չհանդուրժելով քուրդ ցեղապետերի վայրագությունները, որոշեց նրանց պատասխանել «ակն ընդ ական»: Նա հանդուգն էր, արի, վեհանձն, պաշտպանում էր հասարակ գյուղացուն՝ անկախ ազգությունից: Կողոպտում էր հարուստների ունեցվածքը, բաժանում անխտիր բոլոր գյուղացիներին: Կովկասից զենք տեղափոխելու ժամանակ Արաբոյի 16-հոգանոց խումբը շրջապատվեց թշնամու կողմից, և բոլորն էր զոհվեցին:Ֆիդայական շարժումները վերելք ապրեցին, երբ նրանց գործունեությունն սկսեցին ղեկավարել ազգային կուսակցությունները:Հայդուկային շարժման ականավոր դեմքերից էր Արմենակ Ղազարյանը. ծնվել է 1864թ. Սասունի Ահրոնք գյուղում: Իբրև ֆիդայի նա հայտնի դարձավ Հրայր, Դժոխք, Ուրվական անուններով: Նրա նպատակն էր ոչ թե ստեղծել ֆիդայական խմբեր, այլ առաջացնել համաժողովրդական շարժում: Լեռ բարձրանալու փոխարեն նա շրջում էր գյուղից գյուղ ըմբոստության ոգին ժողովրդի մեջ տարածելու համար: Հենց որ ՀՀԴ-ն իր գործունեությունն սկսեց Տարոնում, Հրայրն ընդունվեց նրա շարքերը: Նա թղթակցում էր և’ «Հնչակին», և’ «Դրոշակին», պախարակում նրանց միջկուսակցական տարաձայնությունները: Նա իրատես գործիչ էր. չէր հավատում Եվրոպայի խաբուսիկ հույսերին, ոչ էլ թուրքերի խոստումներին: Նա գործուն մասնակցություն ունեցավ Սասունի 1894թ. ինքնապաշտպանական մարտերին և զոհվեց 1904թ. Սասունի ապստամբության վճռական կռվում:Ֆիդայական շարժման անվանի հայդուկապետերից էր Սերոբ Վարդանյանը՝ Ախլաթի շրջանի Սոխորդ գյուղի գյուղապետի կրտսեր եղբայրը: Իր վրա հարձակված քրդերից մեկին սպանելուց հետո նրան փախցնում են սկզբից Կ. Պոլիս, ապա Ռումինիա: Այնտեղ հայդուկային խումբ է ձևավորում և 1895թ. վերադառնում Ախլաթ: 1896-97 թվերին ողջ գավառում նա կազմակերպում է ժողովրդի ինքնապաշտպանությունը:

Այդ պատճառով ժողովուրդը նրան սկսեց կոչել Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող: 1897-99 թվերի ֆիդայական շարժումը կոչվեց Սերոբյան շրջան: Թեղուտ գյուղի վճռական ճակատամարտից հետո մի ողջ շաբաթ նա թաքնվում էր ձյունապատ Նեմրութ լեռան կատարին: Այդ ժամանակներից նրան կոչում են նաև Նեմրութի Ասլան: Կառավարությունը մեծ գին հայտարարեց Սերոբի գլխի համար: Գեղաշենի ռես Ավոն թունավորում է նրան և հայտնում Բշարե Խալիլին: Գելիգուզան գյուղում թունավորված Սերոբը իր ընտանիքի և ընկերների հետ դիմադրում է Բշարե Խալիլի զորքերին, բայց զոհվում է թշնամու սարսափը, ժողովրդի սիրելին: Սակայն նրա անունը անմար մնաց ժողովրդի հիշողության ծալքերում: Նրա մասին հյուսվեցին երգեր ու ասքեր:Հարյուրավոր հայդուկների շարքում իր պատվավոր տեղն ունի Գևորգ Չավուշը: Նա հին հայդուկներից էր, մարտնչել էր բազմաթիվ խմբերում: Իր անձնազոհությամբ և սխրանքներով չէր զիջում Սերոբին, սակայն անմռունչ կատարում էր նրա հրամանները: Գևորգը մղեց բազմաթիվ կռիվներ՝ Մազրայի, Շենիկի, Բերդակի, Պնավի մարտերը, որոնք բոլորն էլ ավարտվում էին հաղթանակով: Դրանցով նա սիրտ էր տալիս հայությանը, հավատ ներշնչում ֆիդայիների նկատմամբ, իսկ քուրդ ու թուրք շահագործողները վախենում էին Գևորգի պատժից: Նա դարձել էր անորսալի վրիժառու: Կառավարությունը ուժեղացրեց նրան հետապնդելու գործունեությունը և 1907թ. Սուլուխի կռվում Գևորգը զոհվեց, բայց նրա անունը մնաց ժողովրդի սրտում իբրև անձնազոհության և նվիրումի վսեմ օրինակ:Սերոբի խմբի հայդուկներից էր Անդրանիկ Օզանյանը, ծնվել է 1865թ. Սեբաստիայի վիլայեթի Շապին-Գարահիսար քաղաքում: Սպանելով իր անմեղ հորը ծեծող թուրք պաշտոնյային՝ նա բանտարկվում է, ապա փախչում Կ.Պոլիս, հետո՝ Ռումինիա: Որոշ ժամանակ անց վերադառնում է Արևմտյան Հայաստան, հետո իր տեղն է գտնում Աղբյուր Սերոբի խմբում, որտեղ աստիճանաբար մեծ հեղինակություն է ձեռք բերում: Սերոբի դահիճ Բշարե Խալիլի սպանությունն իրականացնելուց հետո դառնում է հայդուկապետ: Նրա հռչակն ավելի տարածվեց Առաքելոց վանքի ինքնապաշտպանության ժամանակ: Նահանգական իշխանությունները փորձեցին խաբեությամբ ծուղակը գցել Անդրանիկին և նրա խմբին, բայց չհաջողվեց:Ժողովրդական հերոս Անդրանիկը բազմաթիվ հաղթական կռիվներ մղեց Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր վայրերում: Ռուսական բանակի հրամանատարության կողմից արժանացավ գեներալի բարձր աստիճանի, բայց հոգով միշտ մնաց հայդուկ, պատրաստ զոհվելու իր ժողովրդի և հայրենիքի համար: Հայդուկային խմբերի մեջ նշանավոր դեր էին կատարում բազմաթիվ քաջակորով այլ հայորդիներ:Հայդուկային շարժումը հայ ազգային-ազատագրական շարժման փառավոր էջերից է: Այն նպաստեց ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, ինքնապաշտպանությանը: Բազմաթիվ հայ խիզախ վրիժառուներ իրենց սխրանքներով անմահացան ժողովրդի սրտում, ապացուցելով, որ ավելի լավ է զոհվել պատվով իբրև մարդ, քան քարշ տալ խղճուկ, ստրկական գոյություն:

Թեմա 25. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

Բեռլինի վեհաժողովը հրավիրվել է Ավստրո-Հունգարիայի ու Անգլիայի նախաձեռնությամբ և Գերմանիայի աջակցությամբ՝ ռուս-թուրքական պատերազմի ավարտին կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով: Ավարտվել է Բեռլինի պայմանագրի ստորագրմամբ, որով Բուլղարիան հռչակվում էր ինքնավար պետություն՝ մեծ տերությունների համաձայնությամբ ընտրված և թուրքական սուլթանի կողմից հաստատված իշխանով: Բալկանյան լեռնաշղթայից հարավ կազմվում էր Արևելյան Ռումելիա նահանգը, որը մնում էր սուլթանի քաղաքական և ռազմական իշխանության տակ, բայց ստանում էր վարչական ինքնավարություն: Թրակիան, Մակեդոնիան և Ալբանիան մնում էին Թուրքիային: Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում: Ռումինիան ստանում էր Հյուսիսային Դոբրուջան: Բեսարաբիայի մերձդանուբյան մասը վերադարձվում էր Ռուսաստանին: Ավստրո-Հունգարիային իրավունք վերապահվեց ժամանակավորապես գրավել Բոսնիան ու Հերցեգովինան: Ռուսաստանին էին միացվում Կարսը, Արդահանը և Բաթումը, իսկ Ալաշկերտի հովիտն ու Բայազետը վերադարձվում էին Թուրքիային: Բաթումը հայտարարվում էր ազատ նավահանգիստ: Թուրքիան պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել հայերով բնակեցված իր փոքրասիական տարածքներում , ինչպես նաև խղճի ազատության և քաղաքացիական իրավունքների հավասարություն ապահովել կայսրության բոլոր հպատակների համար:Բեռլինի պայմանագիրն իր հիմնական մասով ուժի մեջ էր մինչև 1912–13 թթ-ի Բալկանյան պատերազմները: Չլուծված թողնելով մի շարք հանգուցային հարցեր՝ այն ավելի սրեց ռուս-ավստրիական ու սերբա–բուլղարական մրցակցությունը և հող նախապատրաստեց Առաջին աշխարհամարտի համար:Ձգտելով եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի և Օսմանյան կայսրությունում հայերի ծանր կացության վրա ու հասնել Սան Ստեֆանոյի պայմանագրով նախատեսված բարենորոգումների իրականացմանը՝ Կոստանդնուպոլսի հայ քաղաքական շրջանակները Բեռլին ուղարկեցին ազգային պատվիրակություն՝ Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ, որին, սակայն, թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակությունը վեհաժողովին ներկայացրեց Արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն ու պետություններին հասցեագրված հուշագիրը, որոնք նույնպես անուշադրության մատնվեցին:Բեռլինի վեհաժողովում Հայկական հարցի շուրջ  բախվեցին երկու տեսակետներ. ռուսական պատվիրակությունը պահանջում էր բարենորոգումներն անցկացնել մինչև ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից, իսկ անգլիական պատվիրակությունն աշխատում էր այդ հարցը չպայմանավորել ռուսական զորքի ներկայությամբ: Ի վերջո վեհաժողովն ընդունեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը, որը, որպես 61-րդ հոդված, մտավ Բեռլինի պայմանագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»: Այսպիսով հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին : Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ և  չէր լուծվում: Միաժամանակ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում: Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից  զինված պայքարով ազատագրելու գաղափարը:

Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը

1828-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի գործողությունները տեղի են ունեցել Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: Հունիսին ռուսական բանակը Ի. Պասկևիչի հրամանատարությամբ Գյումրիի մոտ անցել է Ախուրյանը և շարժվել դեպի Կարս: Պաշարելով քաղաքը՝ եռօրյա համառ մարտերից հետո’ հունիսի 23-ին, ռուս զորքերը տեղացի հայերի գործուն մասնակցությամբ գրոհով վերցրել են Կարսի անառիկ բերդը: Հուլիսի 24-ին գրավել են Ախալքսւլաքը, օգոստոսի 15-ին’ Ախալցխան, 28-ին’ Արդահանը: Նույն ամսին ռուսական զորքերի երևանյան ջոկատը զեներալ Ալեքսանդր Ճավճավաձեի հրամանատարությամբ մտել է Բայազետի ու Ալաշկերտի գավառներ, որտեղ բնակչության 80 %-ը հայ էր:Անգլիայի հրահրումով ու օգնությամբ, որ ձգտում էր ամեն կերպ կանգնեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը, Թուրքիան մեծ ուժեր էր կուտակել Կարինում (էրգրում) և 1829-ի գարնանն անցել է հարձակման: Հանկարծակի ներխուժելով Ախալցխա’ մեծ կորուստներ է պատճառել տեղի բնակիչներին ու կայազորին: Գեներալ Վալերիան Բեհբութովի և Բորժոմի կիրճով նրան օգնության հասած գեներալ Իվան Բուրցովի զորքերը փախուստի են մատնել թշնամու գերակշիռ ուժերին: Կարսի ուղղությամբ նույնպես հետ մղելով թուրքերի հարձակումները’ ռուսական զորքերը շարժվել են դեպի Կարին: Նրանց հետ էր նաև ռուս բա նաստեղծ Ալեքսանդր Պուշկինը: 1829-ի հունիսի 27-ին ռուսները գրավել են թուրքական վարչական ու ռազմ, նշանավոր կենտրոն Կարինը: Ա. Պուշկինն իր «Ճանապարհորդություն դեպի Արզրում» երկում նկարագրել է հայերի ոգևորությունը: 1829-ի հունիսին, երբ ռուսական զորքերն արշավել են Կարին, Վանի փաշան 15- հզ-անոց զորքով հարձակվել է Բայազետի վրա: Քաղաքի ռուսական կայազորը և 1000 հայ կամավորներ հունիսի 21-ին անցել են հակահարձակման ու թշնամուն դուրս շպրտել քաղաքից: Բայագետի հերոսական պաշտպանությունը ղեկավարել են գեներալներ Պոպովը և Պանյուտինը: Քաջի մահով է ընկել երիտասարդ հրետանավոր Սելիվանովը:Հուլիս-օգոստոսին ռուսական զորքերը գրավել են Օլթին, Քղին, Խնուսը, Մուշը, Դերջանը, Բաբերդը, Գյումուշխանեն և մոտեցել Տրապիզոնին: Մարտերին մասնակցող բազում դեկաբրիստ սպաներից գեն. Բուրցովը զոհվել է Բաբերդի մերձակայքում: Մայրաքաղաքի’ Կ.Պոլսի մատույցներում ռուս, զորքերի հայտնվելը հարկադրել է թուրք, կառավարությանը հաշտություն խնդրել: 1829-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլիս քաղաքում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափերը’ Կուբանից մինչև Փոթի ներառյալ, Ախալցխան ու Ախալքալաքը: Պայմանագիրը չարդարացրեց արևմտահայերի հույսերը, որոնք նույնպես ձգտում էին միանալ Ռուսաստանին: Արևմտաեվրոպական մեծ պետությունների ճնշման տակ Ռուսաստանը հարկադրված Թուրքիային է վերադարձրել Կարսը, Արդահանը, Կարինը, Մուշը, Բայազետը, Ալաշկերտը և գրաված մյուս շրջանները: Դժգոհելով պայմանագրից’ Պասկևիչը Նիկոլայ I ցարին առաջարկել է գոնե Կարսն ու Բայազետը’ որպես ռազմավար, կենտրոններ, չվերադարձնել Թուրքիային:Օգտվելով պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունից’ 1829-30-ին Կարինի, Կարսի, Բայազետի շրջաններից Ռուսաստանին անցած տարածքներ տեղափոխվել է շուրջ 80 հազար հայ: Կարինցիները հաստատվել են հիմնականում Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները ’ Շիրակի ու Թալինի շրջաններում, բայազետցիները’ Սևանա լճի ավազանում, Կարինի հայերի հետ գաղթած հույները’ Ծալկայի շրջանում: Այս վերաբնակիչները նույնպես 6 տարով ազատվել են հարկերից ու տուրքերից, կարիքավորներին տրվել է դրամական օգնություն: